«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ

Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ
03.11.2020 | 22:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post-ին, որի վերաբերյալ պարբերականի կայքում հրապարակվել է հոդված: Հոդվածի թարգմանությունը ստորև.

«Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով», - երկուշաբթի The Jerusalem Post-ին տված բացառիկ հարցազրույցում ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երևանից՝ տեսակապի միջոցով, The Jerusalem Post-ի հետ զրույցում Փաշինյանը կոշտ մեղադրանքներ է հնչեցնում Երուսաղեմի հասցեին՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու կապակցությամբ, որը, ինչպես նա նշում է, նպատակ ունի «հայերի դեմ ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում»: Արդեն 6-րդ շաբաթն է, ինչ լայնածավալ մարտական գործողություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կողմերի մարդկային կորուստները գնահատվում են 1500-ից 5000: Թեև Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանում մարտական գործողությունները, և ԱԳՆ-ն փորձում է Իսրայելին հեռու պահել այդ հակամարտությունից, Փաշինյանն ասում է, որ Իսրայելը շատ ակտիվորեն ներգրավված է հակամարտության մեջ, «որովհետև իսրայելական անօդաչու թռչող սարքերն ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»:

Հոկտեմբերի սկզբին՝ Թել Ավիվում դեսպանություն բացելուց ընդամենը 2 շաբաթ անց, Հայաստանը հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով` դրանով իր բողոքն արտահայտելով իր թշնամուն զենք վաճառելու դեմ: «Կարծում եմ, որ Իսրայելը պետք է մտածի հետևյալի մասին, - ասում է վարչապետը, - փաստորեն վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը, ըստ էության, հիմա գտնվում են նույն կողմում: Իսրայելն ինքը պետք է մտածի, թե սա որքանով հարմար դիրքավորում է իր համար»: Իսրայելը պետք է մտածի, թե իսկապես ցանկանում է հակամարտության մեջ լինել Թուրքիայի հետ նույն կողմում, որը, նրա պնդմամբ, Սիրիայից հազարավոր վարձկանների է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար: Հայաստանի դեսպանին հետ կանչելուց հետո նախագահ Ռյուվեն Ռիվլինը զանգահարել էր իր հայ գործընկերոջը և առաջարկել մարդասիրական օգնություն:

Հարցին, թե իր երկիրը հետաքրքրված է Իսրայելի մարդասիրական օգնությամբ՝ Փաշինյանը դառնությամբ է պատասխանում. «Հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»:


Վերջին տասնամյակում Իսրայելն սկսեց գլխավորել Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրների ցանկը, որին հաջորդում են Ռուսաստանը և Բելառուսը: Իսրայելն Ադրբեջանը դիտարկում է որպես կարևոր ռազմավարական դաշնակից` ելնելով Իրանի սահմանին ունեցած ռազմավարական դիրքից և այն փաստից, որ Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթային կարիքների ծանրակշիռ մասը:
Իսրայելի կապերը Հայաստանի հետ, որը սերտ հարաբերություններ ունի հարևան Իրանի, Ռուսաստանի հետ, վերջին տարիներին ջերմացել էին և դեսպանին հետ կանչելուց առաջ դրանք կարելի էր որակել որպես «ջերմ»:


Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Թուրքիայի և սիրիացի վարձկանների ներգրավումը հակամարտության մեջ խիստ բարդացրել է իրավիճակը: «Նրանց ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար: Իրանը ևս հայտարարել է, որ դիտում է որպես սպառնալիք: Ռուսաստանը ևս հայտարարել է, որ դա սպառնալիք է համարում»:


Հայաստանի վարչապետն ասում է, որ մինչ այս միայն անուղղակի ապացույցներ կային, որ Թուրքիան հավաքագրում է սիրիացի վարձկանների` Ադրբեջանում կռվելու համար: Այժմ կան կոնկրետ ապացույցներ, քանի որ վերջերս երկու վարձկաններ են գերեվարվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից: «Նրանցից մեկն արդեն համապարփակ ցուցմունք է տվել և ասել, որ ինքն ապրում էր Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական շրջաններում, փախստականների ճամբարում: Նա պատմել է, թե ինչպես և որտեղ են իրեն հավաքագրել, ինչպես են նրանք անցել Թուրքիայի սահմանը պաշտոնական անցակետով առանց հարցաքննվելու կամ ստուգվելու»: Նիկոլ Փաշինյանը հավելում է, որ Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններին խոստացվել է ամսական 2000 ԱՄՆ դոլար: Վարչապետն ասում է, թե ինչու է այս իրավիճակը հատկապես վտանգավոր, և ինչու պետք է միջազգային հանրությունը հաշվի առնի և քայլեր ձեռնարկի դրա դեմ: Ն. Փաշինյանը նշում է, որ դա թուրքական նոր գործելաոճն է՝ նրա խոսքով, «մեխանիզմը», որով փորձ է արվում «վերականգնել Օսմանյան կայսրությունը, որքան էլ որ դա տարօրինակ հնչի»: Այդ «մեխանիզմը», այն է՝ Թուրքիայի վերահսկողության ներքո գտնվող սիրիական շրջաններում վարձկանների հավաքագրումը Անկարայի արտաքին քաղաքական նպատակներն առաջ մղելու նպատակով, արդեն կիրառվել է Լիբիայում, այժմ կիրառվում է Լեռնային Ղարաբաղում, «և ո՞վ գիտի, թե որտեղ է կիրառվելու հաջորդ անգամ»:


«Սա բոլորովին նոր մեխանիզմ է, որը կիրառվում է և կարող է գործի դրվել տարբեր տեղերում և տարբեր ձևերով», քանի դեռ միջազգային հանրությունը չի արձագանքել: «Ես ուրախ եմ, որ Մերձավոր Արևելքի շատ երկրներ, այդ թվում՝ արաբական շատ երկրներ, պատշաճ գնահատական են տալիս այս երևույթին և իրերը կոչում են իրենց անուններով՝ հասկանալով, թե դա ինչ սպառնալիք է միջազգային խաղաղության և կայունության համար», - ասում է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ «միջազգային անվտանգության համակարգում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, և այդ փոփոխությունները հիբրիդային պատերազմի տարրեր են պարունակում: Վարձկանները մասնակցում են այդ պատերազմին: Եվ այդ հիբրիդային պատերազմը կարող է դրսևորվել ամենատարբեր ձևերով: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին տեսնում ենք Վիեննայում կամ Նիցցայում՝ Ֆրանսիայում», որոնք վերջերս ահաբեկչական հարձակումների թիրախներ դարձան: «Աշխարհը պետք է արձագանքի Թուրքիայի այս նոր գործողություններին և անհրաժեշտ եզրակացություններ անի, քանի որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության իրականացման այս նոր եղանակը կօգտագործի նաև այլուր», - կանխատեսում է նա:


«Իսրայելն ինքն իրեն պետք է հարց տա՝ ինքը այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ: Դա հարմա՞ր դիրքավորում է իր համար: Եթե դա այդպես է, Աստված իր հետ: Բայց ես կարծում եմ, որ կլինեն որոշակի հետևանքներ, և դուք առերեսվելու եք այդ հետևանքների հետ»: Փաշինյանն ասում է, թե Թուրքիայի «կայսերապաշտական հավակնությունների» թիրախում Իսրայելի հայտնվելը ընդամենը ժամանակի հարց է:
Հարցին, թե նա նախազգուշացնում է, որ ինչ-որ պահի Թուրքիան կհավաքագրի սիրիացի վարձկաններին՝ դեպի Երուսաղեմ արշավելու համար՝ վարչապետը պատասխանում է, որ ինքը չի նախազգուշացնում որևէ կոնկրետ բանի մասին, այլ նկատի ունի համապատասխան «քաղաքական միջավայրի և քաղաքական մթնոլորտի» ստեղծումը և միջազգային անվտանգության համակարգում գոյացած բացերը: Եվ եթե կան բացեր, միջանցքներ ու սողանցքներ, ինչ-որ մեկը կփորձի անցնել այդ միջանցքներով: Եվ պարտադիր չէ, որ դա լինի մեկ կամ երկու առանձին վերցրած տարածքում: Այդ անցուդարձը տեղի է ունենալու բոլոր հնարավոր ուղղություններով»:

Դիտվել է՝ 2762

Մեկնաբանություններ